«Իրատես de facto»-ում (թիվ 36, 2013) «Երանի՜ այն գրողին, ում գրականությունը քաղաքականացված չէ» վերնագիրը կրող հարցազրույցով հանդես է եկել արձակագիր Լևոն Ջավախյանը, որի մտահոգությունները, իրոք, ուշադրության արժանի են և բխում են մեր այսօրվա իրականության զարկերակի բաբախումից: Ի մտի առնենք նաև այն, որ Ջավախյանի մտահոգություններին և անձնական դիրքորոշումներին հար ու նման մեկնաբանություններով ու եզրահանգումներով ողողված են Հայաստանի գրեթե բոլոր լրատվամիջոցները (մամուլ, հեռուստատեսություն, ռադիո): Եվ ամենօրյա` իրար կրկնող կամ մերժող, սերունդը սերնդին ժխտող, անհատը` անհատին փառաբանող կամ փնովող, համակարգի կամ իշխանությունների բացերն ազգակործան կամ բնական համարող տեղեկատվական ու քաղաքական հեղեղից, օրումեջ կուսակցությունից կուսակցություն թռչկոտող քաղաքական ու հասարակական գործիչների ճոռոմաբանություններից մարդ կամա թե ակամա` ամեն օր ու ժամ ինքն իրեն հարց է ուղղում` ո՞վ և ի՞նչն է ճիշտ, ո՞ւմ հավատալ, ո՞ւմ սատարել կամ ո՞ւմ դեմ պայքարել, ի վերջո, ի՞նչ անել… Եվ այս ու նմանօրինակ հարցերն ու մտահոգությունները օրըստօրե կրկնվում ու բազմապատկվում են, թանձրանում ու համոզմունքներ ձևավորում, խարխլում մարդու հույսն ու հավատը։
Խնդիրներ, որոնք այս կամ այն չափով, անձնական դիտարկումներով տեղ են գտել նաև Ջավախյանի վերոնշյալ հարցազրույցում: Հենց խոսքիս սկզբում ուզում եմ հստակորեն փաստել, որ անկախ այդ խնդիրների վերաբերյալ իմ անձնական դիրքորոշումներից, հարգում եմ հարցազրույցում պարոն Ջավախյանի արտահայտած կարծիքները, մանավանդ որ, իր իսկ պնդմամբ, նա չի կարողանում «ստել ո՛չ կյանքում, ոչ գեղարվեստում»: Հիանալի է: Ողջունում եմ այսպիսի դիրքորոշումը: Նշեմ նաև այն, որ Ջավախյանի վերոնշյալ և մեկ այլ հարցազրույցում առաջ քաշված մի քանի, ինչպես և հարցումներ առաջացնող կարծիքներից, այս հրապարակմամբ միայն պիտի անդրադառնամ Հայաստանում անհարկի և ոգևորությունների աստիճանի հասցված ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» Հայաստանում թարգմանելու-տպագրելու հախուռն դրսևորումներին, որի վերաբերյալ քննարկումների ակտիվ մասնակիցներից է նաև Ջավախյանը:
Մինչ ստորև ներկայացվող խնդիրների վերաբերյալ իմ անձնական դիտարկումներին անցնելը` ընթերցողին ուզում եմ հիշեցնել Գյոթեի հանճարեղ այն միտքը, որ «անցյալից երբեք ոչինչ չի անհետանում»: Խոսքս ավելի կոնկրետացնելով` ընդգծեմ նաև այն, որ որքան էլ այս կամ այն ժամանակաշրջանի կամ իրադարձության պատմությունը խեղաթյուրվի կամ նորովի շարադրվի, միևնույն է, իրական ճշմարտությունն անսքողելի է մնում թե՛ պատմության էջերում, թե՛ մարդկային հարատև հիշողությունում: Կյանքում նույն չափանիշներով է արժևորվում նաև մարդու գործունեությունն առհասարակ: Այս տեսակետից էլ պիտի փորձեմ լրագրային հոդվածի սահմաններում հնարավորինս ընթերցողի ուշադրությանը ներկայացնել իմ մի քանի մտահոգություններն առհասարակ և ի մասնավորի: Եվ այսպես.
ա) Ընդգծեմ, որ անձնապես կողմնակից եմ, որ Այլիսլիի հիշյալ ստեղծագործությունը թարգմանվեր հայերեն, և հայ ընթերցողը տեղյակ լիներ դրան: Այս և դրան առնչվող մի քանի խնդիրների մասին ապրիլ-մայիս ամիսներին առիթ եմ ունեցել երկու-երեք անգամ նույնիսկ հրապարակավ` մամուլով և հատուկ մամուլի ասուլիսով հանդես գալու: Այժմ էլ պիտի փաստեմ, որ այդ անհրաժեշտ աշխատանքը, ցավոք, մեզանում կատարվեց շատ հախուռն և անկազմակերպ, քաղաքական անճկունության դրսևորումներով և, բնականաբար, տեղիք տվեց (և տալու է) անհարկի մեկնաբանությունների ու քննարկումների: Օրինակ, չեմ կարծում, որ անհրաժեշտություն կար մեկ-երկու ամսում այդպիսի հապճեպությամբ այն ունենար 4-6 թարգմանություն, որոնցից երեքը տպագրվեց առանձին գրքերով, իսկ մնացածը` ամսագրային ու լրագրային տարբերակներով: Ավելին, այդ թարգմանություններից և ոչ մեկն ուղեկցված չէ «Քարե երազների» քիչ թե շատ, ի մոտո վերլուծական առաջաբաններով կամ խմբագիրների, թարգմանիչների պարզաբանող և անհրաժեշտ ծանոթագրություններով:
Հանգամանք, որն անտեսել են հրատարակիչները, և քաղաքական տեսակետից այդպիսի նուրբ ու բարդ, բազմաթիվ տարակուսանքներ հարուցող ստեղծագործությունը հայ ընթերցողին են ներկայացրել միայն հեղինակի ծանոթագրություններով (Ա. Վարդանյանի թարգմանությունից բացի): Այնինչ, այդ ստեղծագործությունը, որքան էլ գեղարվեստական լինի, լի է պատմավավերագրական անճշտություններով և պատմական հանրահայտ իրողությունների, վավերականությունների աղավաղումներով ու կեղծումներով: Մանավանդ որ «Քարե երազները» նախ և առաջ շոշափում է պատմական ու քաղաքական խնդիրներ և իր գրական ժանրով էլ հենց այդպիսի ստեղծագործություն է:
Շատ հասկանալի և ընդունելի է նաև այն հանգամանքը, որ գեղարվեստական ստեղծագործությունից չի կարելի պահանջել փաստագրական ու ակադեմիական ճշտություններ: Գրողը, անշուշտ, միանգամայն ազատ է իր մտքերն ու դիրքորոշումներն արտահայտելու, գեղարվեստական հնարանքների ու կերպարների ստեղծման գործում: Կամ, ինչպես Ջավախյանն է ասում, «գեղարվեստական ստեղծագործությունը երևակայության արդյունք է, կարող է հնարանք լինել»: Համաձայնենք այս մտքին և միաժամանակ փաստենք, որ ոչ այնքան ազատ ու անխոցելի, որ պատմական փաստերը գլխիվայր շուռ տրվեն, մի ժողովրդի կամ պետական համակարգի շահերը պաշտպանելիս անտեսվեն կամ մեղադրանքների բեռ ու պարսավանքներ հասցեագրվեն, մեղքերի հավասարեցման նշան դրվի հակամարտության կողմ հանդիսացող մյուս ժողովրդի միջև:
Սա, կարծում եմ, դատապարտելի մոտեցում է, որին, ցավոք, իր ստեղծագործությունում` շատ դրական արժանիքներին զուգահեռ, տուրք է տվել Այլիսլին, որը ոչ մի դեպքում չի կարող անտեսման ենթարկվել:
Այլիսլին, ի միջի այլոց, ամենևին էլ չի թաքցնում իր այս դիրքորոշումը և իր այս ստեղծագործության առիթով իրեն հասցեագրված բազմաթիվ մեղադրանքներին ի պատասխան հայտարարում է, որ ինքը ցավում և ապաշխարում է Բաքվում կատարված 1990 թ. իրադարձությունների համար և իր հերթին էլ սպասում է հայկական կողմի համանման դիրքորոշումների ու ստեղծագործությունների ի հայտ գալուն, որպեսզի քայլեր կատարվեն վերականգնելու հայ-ադրբեջանական խաթարված բարեկամությունը: Նպատակը, անշուշտ, գովելի ու ողջունելի է: Սակայն այս ամենին ձգտելիս նախ և առաջ անհրաժեշտ է անաչառ ցանկությամբ, ազնվորեն գրել ու բանակցել, մարդկանց ուղղորդել ու համոզել այս նպատակին հասնելու համար: Այլապես, ինչպես ժողովրդական իմաստուն խոսքն է ասում, «մի գիժ քարը նետում է լճակը, և հարյուր խելոք հավաքվում-խորհրդակցում են, թե այն լճակից ինչպես հանեն»:
Այնպես որ, ստորև անդրադառնալով Այլիսլիի «Քարե երազներին», պիտի ընթերցողին ներկայացնեմ այդ աշխատանքի ընդամենը մի քանի կարևոր ու հանգուցային, հեղինակի կողմից քաղաքական գնահատական տալու և ձևավորելու գրական ջանքերը, որոնք, չգիտես ինչու, անտեղյակությամբ, թե անփութությամբ անտեսել են հայ հրատարակիչները:
բ) Ջավախյանը, անդրադառնալով Աքրամ Այլիսլիի «Քարե երազների» շուրջ ծավալված քննարկումներին, իրավացիորեն ընդգծում է, որ «Այլիսլին հումանիստ է, որ քարոզից զերծ` իր կարծիքն է ասում երկու ժողովուրդների մասին, հատկապես իր ժողովրդի, և ամաչում է, ուզում է խայտառակությունից փրկել իր ազգը»: Այսպես է պնդում նաև Այլիսլին: Ակնհայտ ճշմարտություն է, և ես պաշտպանում եմ այս դիրքորոշումը: Սակայն վերոհիշյալ դիրքորոշմանը կողմ լինելով հանդերձ` չեմ կարող չընդգծել այն հանգամանքը, որ Այլիսլին իր ժողովրդին խայտառակությունից փրկելու համար նաև անսքող ու նպատակադրված, թեկուզև գրական ստեղծագործության թույլատրելի սահմաններում, զուգահեռաբար ջանացել է նաև կեղծել պատմական իրականությունը` թե՛ Բաքվի 1990 թ. և թե՛ Ագուլիսի 1919 թ. հայերի նկատմամբ կատարված սպանդը Ադրբեջանի պետական իշխանությունների կողմից հրահրված-կազմակերպված կամ մասնակցություն ունեցած լինելու հանգամանքները:
Այսպիսով, ստեղծագործությունն ընթերցողի գիտակցության մեջ քայլ առ քայլ ամրապնդում է այն միտքը, որ դրանք գլխավորապես իրականացրել են Հայաստանից հանիրավի տեղահանված Հայաստանի ադրբեջանցի քաղաքացիները: Հանգամանք, որն Ադրբեջանի պետական պատասխանատվությունն այս դեպքերի առնչությամբ գրեթե զրոյացնում է և կատարվածը վերագրելի է դառնում կամ տեղափոխվում զուտ մարդկային վրեժխնդրության դրսևորման դաշտ, որը մարդկային տրամաբանության տեսակետից այնքան էլ պախարակելի երևույթ չէ: Այսպիսի դիրքորոշմամբ Այլիսլին, անշուշտ, Ադրբեջանի համար կատարել է իրոք որ անուրանալի դեր և ձգտել է փրկել Ադրբեջանի պետական պատիվը, որին, մասնակի բացառություններով, ինչպես գիտենք, դեռևս հասու չեն Ադրբեջանի պետական կառույցները և հասարակական-քաղաքական ու մտավորական շրջանակները: Ամենևին չբացառելով հայաստանյան որոշ ադրբեջանցիների մասնակցությունը Բաքվի հայության կոտորածներին, ընդգծեմ, որ դրանք կազմակերպվեցին և իրականացվեցին հենց Բաքվի քաղաքային իշխանությունների անմիջական մասնակցությամբ և թողտվությամբ:
Ոչ հեռու անցյալում` մեր աչքերի առջև կատարված այս դեպքերը, օրինակ, արտահայտված էին Բաքվի ՆԳ շրջանային բաժիններից ու ԲՇԳ-ներից քաղաքի հայ բնակչության բնակարանների հասցեների ցուցակները կազմելու և դրանք հայերի կոտորածների համար կազմավորված խմբերին տրամադրելու, դեպքերից մի քանի օր առաջ պետական հիմնարկներում աշխատող հայ աշխատակիցներին մասսայաբար աշխատանքից ազատելու, շտապ օգնությանը և ՆԳ բաժիններում այդ հասցեներից (հայերի) ահազանգերը անարձագանք թողնելու հրահանգները, ոճրագործ խմբերին գործարաններում պատրաստված սառը զենքեր (սրածայր ձողեր և այլն), հրդեհումների համար հրավառ հեղուկներ (նավթ, բենզին) տրամադրելու և վերջապես Բաքվի ՆԳ բաժինների միլիցիոներների ողջ անձնակազմերն այդ ոճրագործություններին չխառնվելու ու չարգելելու հանգամանքները: Այս ամենը, ինչպես և այլևայլ հանգամանքներ, ուղղակիորեն փաստում են Ադրբեջանի իշխանությունների թե՛ մեղսակցությունը, թե՛ պետական պատասխանատվությունը, որոնց վերաբերյալ առկա են բազմաթիվ ու բազմազան փաստեր, վավերագրական ու տեսաձայնագրային, Մոսկվայում այդ ոճրագործությունների վերաբերյալ կայացած դատավարության բազմահատոր նյութերը, ականատեսների, այդ սպանդից մազապուրծների` Երևանում, Մոսկվայում և այլուր հրատարակված բազմաթիվ ու անհերքելի վկայություններ: Այնպես որ, Այլիսլին ջանացել է Ադրբեջանին այս պետական խայտառակությունից փրկել: Եվ հայ հրատարակիչներն էլ, առանց որևէ մեկնաբանության ու պարզաբանման, այն հրամցրել են հայ ընթերցողին: Ասել է` այս հարցում առարկություններ չունեն: Այսպիսի օրինակների համար է երևի ասվում, թե ինչ կարճ է մարդու հիշողությունը: Երևի թե Այլիսլիի հեռահար մտքերին ու միտումներին հայ հրատարակիչներն ու քաղաքական գործիչները հասու կլինեն 50-60 տարուց հետո միայն: Այստեղ է, որ հիշատակելի է թուրքերի ոչ այնքան անտեղի ասված խոսքերը, թե «հայի վերջին խելքը իմը լիներ»:
Չեմ կարող չընդգծել նաև այն, որ Այլիսլին վերոհիշյալ իր դիրքորոշումն ընթերցողի համոզմունքը դարձնելուն զուգահեռ, ինչպես նշեցի իմ խոսքի սկզբում, չի կարողացել 100 %-ով բացառել Բաքվի իշխանությունների մասնակցությունն այդ գործում: Այսպես, վեպի հերոսների (Սադայ Սադըխլի, Ազադե խանում, Նուվարիշ Ղարաբաղլի) միջոցով երբեմն-երբեմն մատնացույց է անում, որ դրանք ունեին կազմակերպված բնույթ, կատարվում էին քաղաքի բնակչության ներկայացուցիչների (վաճառական կանայք, Բաքվի քաղսովետի աշխատակից) մասնակցությամբ: Ընդգծեմ, որ այս հարցում Այլիսլիից շատ բան պահանջելն էլ անիրավացի կլինի, քանզի հեղինակը կամ մեկ ուրիշը, ցանկության դեպքում էլ, ավելին ասել կամ արձանագրել չէր կարող: Այս տեսակետից Այլիսլին իրոք ասել ու արձանագրել է այն, ինչը հնարավոր է անել Ադրբեջանի նման երկրում, և նրա կատարած քայլը այս հարցում քաղաքացիական խիզախություն է և ուշադրության արժանի:
գ) Հաջորդ խնդիրը, որ Այլիսլին իր ստեղծագործությունում գլխիվայր է ներկայացրել, 1919 թ. դեկտեմբերի 24-25-ին Ագուլիսի հայ բնակչության նկատմամբ իրականացված եղեռնագործությունն է: Ընդ որում, հեղինակը խոսում է միայն Վերին Ագուլիսի մասին: Այնինչ այդ հրեշավոր եղեռնագործությունը նախ կատարվել է իրարից 3 կմ հեռավորության վրա գտնվող Ստորին կամ Դաշտ (դեկտ. 23-ին), ապա Վերին Ագուլիսում:
Ինչպես Բաքվի 1990 թ. դեպքերի ներկայացմամբ Այլիսլին չեզոքացնում է Բաքվի իշխանությունների մեղքը, այնպես էլ Ագուլիսի դեպքում հեղինակն այդ ոճրագործությունը վերագրում է թուրք սպա Էդիֆ բեյին և նրա 30-40 զինվորներին: Հիշեցնենք, որ Էդիֆ բեյը (վեպում` Ադիֆ բեյ), ինչպես և վեպի մի քանի այլ կերպարներ պատմական անձեր են, և իր ամենամեծ ցանկության դեպքում էլ նա, ով ուներ ընդամենը 10-12 զինվոր, չէր կարող Ագուլիսի կոտորածը իրագործել: Այնպես որ, Ագուլիսի պարագայում ևս պատմությունը միտումնավոր և ակնհայտորեն կեղծել է հեղինակը: Քանզի, հենց այդ դեպքերի վերաբերյալ դեռևս 1919 թ. դեկտեմբերի վերջերից հրապարակի վրա են թե՛ Հայաստանի առաջին, թե՛ Ադրբեջանի մուսավաթական հանրապետությունների բազմաթիվ պետական փաստաթղթեր, ժամանակի մամուլի վկայություններ, գիտական ուսումնասիրություններ։
Իսկ այս ամենը հաստատապես պնդում և վկայում է, որ Ագուլիսի հայության նկատմամբ կատարված ոճրագործությունը, որի ժամանակ զոհվեց 1400-ից ավելի հայ (1000-ը Վերին և 400-ը Ստորին Ագուլիսներում), իրականացվել է հենց տեղական իշխանությունների` Օրդուբադի ադրբեջանցի գավառապետի ու պրիստավի, հոգևոր առաջնորդի ու Ագուլիսները շրջապատող ադրբեջանական գյուղերի գյուղապետերի, Վերին Ագուլիսի Խշկաշեն ադրբեջանաբնակ թաղամասի, Գեղվաձորի տարածքից տեղահանված ադրբեջանական թարաքամա ցեղախմբերի ներկայացուցիչների կողմից, ովքեր մրջյունների նման օրեր առաջ շրջապատել էին Ագուլիսները և օր ու ժամ էին սպասում ագուլիսցիներին հոշոտելու, նրանց ունեցվածքը կողոպտելու, քաղաքը ավերելու և հրդեհելու համար: Պատմական իրականությունը սա է: Եվ այս իրականությունը սքողելու համար Այլիսլին իր ստեղծագործության հայ հերոսի (Նուբարի) բերանով ընթերցողին մատնացույց է անում Էդիֆ բեյին, իսկ վեպի գլխավոր հերոսի կնոջ` Ազադե խանումի բերանով ուղղորդում է, որ հայերն այս հարցերը թող պարզաբանեն թուրքերի հետ, չէ՞ որ Ագուլիսի կոտորածն իրականացրել է թուրք սպան, ոչ թե Օրդուբադի իշխանություններն ու բնակչությունը:
Այստեղ ուզում եմ հարցնել Այլիսլիին և նրա նման մտածող հայ և օտար ընթերցողներին` մի՞թե Այլիսլին այս հարցում ճիշտ է և կեղծարարությամբ չի զբաղվել: Մի՞թե հումանիստ գրողը տեղյակ չէ կամ էլ պարտավոր չէր տեղյակ լինելու այն պատմությանը, իրադարձություններին, որոնց վերաբերյալ որոշել է գրական ստեղծագործություն գրել և ազդարարում է, թե իր նպատակը միայն ու միայն երկու ժողովուրդներին հաշտեցնելու, բարեկամությունը վերականգնելու ազնիվ մղումն է: ՈՒզում եմ հավատալ այս ազնիվ նպատակին: Սակայն, ինչպես տեսնում ենք, այս ամենը շղարշված է Ագուլիսի ու նրա հայության շինարար ոգու, հուշարձանների, հայության վերաբերյալ առհասարակ արտահայտած շատ ջերմ և առանձին դեպքերում հուզմունքների հասնող նկարագրություններով, որոնք էլ նպատակադրված են Բաքվի իրադարձությունների նման Ագուլիսի կոտորածների մեղքն ու պատասխանատվությունը ևս տեղական իշխանությունների ճակատից սրբելու և Թուրքիային վերագրելու գործին:
Այնպես որ, այստեղ ևս Այլիսլին ակնհայտորեն կեղծիքի է դիմել: Կեղծիքի, քանզի իր հարազատ ծննդավայրում և ողջ Օրդուբադի շրջանի այժմյան ադրբեջանական բնակչությանը (իրենց ծնողներից ու պապերից լսած), այդ թվում և` Այլիսլիին քաջ հայտնի է, որ հենց Ագուլիսի հայ մեծամեծերն էին, ովքեր անսալով Օրդուբադի ադրբեջանցիների ազգային խորհրդի խնդրանքներին` իրենց կոտորածից 18 ամիս առաջ, 1918 թ. հուլիսին, Նախիջևանում իր զորաբանակով գտնվող զորավար Անդրանիկին խնդրանքներով համոզեցին, որ զորավարը չհարձակվի ու չկոտորի Օրդուբադ քաղաքի և շրջակա գյուղերի ադրբեջանցի բնակչությանը: Զորավարը շատ մեծ դժվարությամբ համաձայնեց ագուլիսցիների հետ, և այսպիսով Օրդուբադն ու հարակից ադրբեջանաբնակ բնակավայրերը չենթարկվեցին Անդրանիկի հարձակումներին: Այնուամենայնիվ, Անդրանիկը, հանդիմանելով ագուլիսցիներին, ափսոսանք հայտնեց և զգուշացրեց, որ նրանք լավ չեն ճանաչում թուրքին ու թուրքերին առհասարակ, և դրանում ագուլիսցիները առիթ կունենան համոզվելու: Իրապես էլ այդպես եղավ, և Ագուլիսների 1919 թ. դեկտեմբերի ավերումներն ու հայերի սպանդը իրագործվեցին հենց ագուլիսցիների խնդրանքներով Անդրանիկի հարձակումներից փրկված օրդուբադցիների և գավառակի ադրբեջանցի իշխանությունների կողմից: Ահա թե ինչպես և ինչպիսի տմարդի ու դավաճանական քայլերով Օրդուբադը և օրդուբադցիները պատասխանեցին ագուլիսցիների հումանիստական ու մարդասիրական արարքին:
Այնպես որ այս ամենին քաջատեղյակ է Այլիսլին, և Ագուլիսի հայերի կոտորածի սլաքը Էդիֆ բեյին (որի մասնակցությունը չեմ բացառում) ուղղելու միակ նպատակը Օրդուբադի իշխանություններին չվերագրելն ու պատմական պատասխանատվությունից զերծ պահելն է:
դ) Այլիսլին, իր ստեղծագործությունում նկարագրելով Ագուլիսի եկեղեցիները, ակնարկում է, որ Ագուլիսի այժմյան բնակչությանը անհայտ են ինչպես դրանց կառուցման, այնպես էլ ավերումների, փլատակների վերածվելու հանգամանքները:
Հեղինակի հետ համաձայնենք, որ Ագուլիսի, ինչպես և ողջ Նախիջևանի տարածքի հայկական հուշարձանների հիմնադրումների ու նորոգումների վերաբերյալ այսօրվա Նախիջևանի բնակիչները դա իրոք չեն կարող իմանալ այն պարզ պատճառով, որ նրանք տեղաբնիկներ չեն և XVI-XVIII դդ. Հայաստան կատարած զանազան զավթիչ արշավանքներից հետո, նվաճողաբար մնացել ու բնակություն են հաստատել ինչպես Հայաստանի այլ, այնպես էլ Նախիջևանի գավառների հայոց մեծ ու փոքր բնակավայրերում:
Սակայն այն, ինչ վերաբերում է Ագուլիսի (և ողջ Նախիջևանի տարածքին) հուշարձանների ավերումներին և հիմնահատակ կործանման փաստին, ապա Այլիսլին այստեղ ևս խուսափում է ճշմարտությունն ասելուց, ինչը նաև հասկանալի է: Այնուամենայնիվ, Այլիսլիին քաջ հայտնի է, որ Ագուլիսի 12 եկեղեցիներից կանգուն մնացած 7 և կիսավեր 2 եկեղեցիները Նախիջևանի տարածքի հայկական շուրջ 27000-ի հասնող այլևայլ հուշարձանների հետ հիմնահատակ ավերվեցին հենց Ագուլիսի այժմյան բնակչության աչքերի առջև և նրանց մասնակցությամբ` 1998-2006 թթ.: Եվ հայոց հուշարձանների ավերումներից հետո, 1998-ից ի վեր` մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը, ի լուր աշխարհի և միջազգային կառույցների, հայտարարում է, թե Նախիջևանի տարածքում չի եղել և այսօր էլ չկա ոչ մի հայկական հուշարձան: Ասել է` այդ տարածքը ի սկզբանե եղել է ադրբեջանական, և Հայաստանը ոչ մի իրավունք չունի անգամ նրա մասին խոսելու: Ավելին` Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի, այսօր միջազգային կազմակերպություններին ու դատարաններին դատական հայց է ներկայացնում ավելի քան 300 միլիարդ դոլարի չափով Հայաստանի կողմից իր տնտեսությանը հասցված վնասի, հուշարձանների և այլ արժեքների ավերումների համար հատուցումներ ստանալու պահանջով:
ե) Ջավախյանն իր հարցազրույցում վերստին ազդարարում է` «ադրբեջանցի գրողին գրած նամակում ասել եմ` օրհնվի այն ժողովուրդը, որ Այլիսլիի նման զավակ է ծնել: Ականջովս է ընկել, որ Արգամ Այվազյանը վրդովվել է իմ այս խոսքերից: Իսկ ինչո՞ւ չօրհնվի, ո՞վ է ասում, որ կան վատ ժողովուրդներ»:
Փորձենք պարզաբանել Ջավախյանի ոչ այնքան անհետաքրքրական այս միտք-դիրքորոշումը: Նախ` համամիտ եմ նրա այն պնդմանը, որ չկան վատ (այդ թվում` ադրբեջանցի, թուրք) ժողովուրդներ:
Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին համընդհանուր օրհնանքի արժանացնելու նրա մատնացուցմանը, ապա, կարծում եմ, Ջավախյանը իր միտքն այստեղ այնքան էլ հաջող չի ձևակերպել: Գուցե ասվեր, որ օրհնվի այն մայրը (ծնողը), ով Այլիսլի կամ Այլիսլիի նման զավակներ է ծնել: Այս դեպքում, ինչ խոսք, ինչպես իմ, այնպես էլ այլոց, վրդովվելու առիթ չէր լինի առհասարակ: Չէ՞ որ Այլիսլիին ծնած նույն ժողովուրդն է ծնել նաև սաֆարովներին, 1918 թ. և 1989-1990 թթ. Սումգայիթի ու Բաքվի, 1919 թ. Ագուլիսի կոտորածների ոճրագործների ոհմակները: Մի՞թե տարբերակումներ չպետք է դնել ոճրագործի և հումանիստի միջև։
Ստացվում է այնպես, որ, ըստ Ջավախյանի տրամաբանության կամ մատնացուցման, եթե նզովելու լինենք սաֆարովների նման ոճրագործներին, ապա այդ նզովքը հավասարապես պետք է տարածենք ողջ ադրբեջանական ժողովրդի վրա: Մի բան, որն ամենևին էլ ճիշտ չի կարող լինել: Չէ՞ որ այդ ժողովրդի մեջ առկա են եղել և հիմա էլ կան բազմաթիվ այլիսլիներ, ովքեր թե՛ ոչ հեռավոր անցյալում և թե՛ հենց Սումգայիթի ու Բաքվի հայերի ջարդերի ժամանակ` Սադայ Սադըխլիի նման, իրենց կյանքը վտանգի ենթարկելով, փրկել կամ ջանացել են փրկել հայերին: Այս նույն բանը փաստելի-ընդունելի է նաև 1915 թ. հայոց Մեծ եղեռնի ընթացքում բազմաթիվ հայերի կյանք փրկած թուրքերի պարագայում: Այնպես որ, սրանք անհերքելի փաստեր են, որոնք հնարավոր չէ անտեսել ու հերքել և սաֆարովների նման ոճրագործների թվում նզովքի ու դժոխքի բաժնի արժանացնել բոլորին:
Այլիսլիի գրքի առիթով Ջավախյանը ս. թ. փետրվարի 27-ին պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական խմբագրության թղթակցի հարցերին` իրեն ուղղված հարցերից մեկին ի պատասխան (հղում եմ ամբողջությամբ) նշել է, որ Այլիսլիին շատերը ճիշտ են հասկացել.
«Они относятся к роману как к доказательствам. В этом конфликте были ошибки и у азербайджанцев, и у нас. У каждого народа должны быть смелые писатели, и они должны указывать ошибки обеих сторон.
Здесь даже известные представители интеллигенции не могут избавиться от ненависти к азербайджанцем. Говорят, что Акрам Айлисли хороший, а азербайджанцы - нет. А я говорю, что в каждом народе есть плохие и хорошие люди.
Для меня существует два Азербайджана: Азербайджан Рамиля Сафарова и Азербайджан Акрама Айлисли. Роман Айлисли возвысил Азербайджан, не дал возможности создать о нем образ преступника с топором в руках.
Я очень люблю Азербайджан Акрама Айлисли и верю ему»:
Չանդրադառնալով այս հարցազրույցում արտահայտված այլ մտքերին (ինչպես և նրա խոսքերի` ռադիոկայանի կողմից հնարավոր աղավաղումներին)` փաստենք միայն այն, որ չգիտես ինչ հիմք-հիմնավորումներով է Ջավախյանն այսքան հեշտությամբ մոռացության տալիս կամ անվերապահ ներման արժանացնում սաֆարովյան Ադրբեջանը: Ավելին` նժարի երկու կողմերում է դնում ոչ պատերազմական` 1989-1990 թթ. Սումգայիթի ու Բաքվի հայկական սպանդները և ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի և պատերազմական իրադրությամբ պայմանավորված Խոջալուի իրադարձությունների համեմատությունները: Միգուցե Ջավախյանն է՛լ ավելի անկեղծանա և բացատրի, թե խաղաղ պայմաններում սումգայիթյան և Բաքվի հայերի ջարդերում ո՞րն է եղել հայերի բաժին մեղքն ու սխալները։ Կամ ավելի պարզաբանի նույն ռադիոկայանին տված հարցազրույցում իր «Քիրվա» պատմվածքի սյուժեն ռադիոլսողներին հասու դարձնելու առիթով 1988-1990 թթ. դեպքերի մասին ասված.
ա) «В это время начинается тот самый национальный вопрос, в Азербайджане и в Армении происходят погромы»: Ահա թե հեղինակն ինչպես է հասկանում կամ հասկացնում ընթերցողին իրոք որ շատ անմեղ այդ պատմվածքի գաղափարա-քաղաքական ասելիքը:
Ջավախյանի հետաքրքրական ասելիքներից է նաև այն, որ.
բ) «Из за геноцида в Армении бытует стереотип о том, что турки и азербайджанцы - плохие народы. А я говорю, что надо знать историю, но клеймить другие народы нельзя»:
Այստեղ, ինչպես ասում են, լավագույնս արտահայտված են պարոն Ջավախյանի պատմությանը հասու լինելու իմացումները, լրացուցիչ պարզաբանումների կարիք չկա:
Էլ ավելի մանրամասնությունների մեջ չմտնելով` նշեմ միայն այն, որ Ջավախյանի և նրա նման մտածողների համար կարծես ոչ մի տարբերություն չկա, և անգիտակցաբար, թե գիտակցաբար նրանք իրենց արտահայտած տեսակետներով անտեսելով Հայաստանի շահերը և պատմական իրականությունը, ներքաշվում են ադրբեջանական պետական քաղաքականության դաշտ և ի լուր աշխարհի հավասարության նշաններով Հայաստանն ու Ադրբեջանը, հայերն ու ադրբեջանցիները ներկայացվում են որպես իրար արժանի պետություններ ու ժողովուրդներ:
Ասելիքս եզրափակելով` ուզում եմ ավարտել XIX դ. Րաֆֆու ասած հետևյալ բնորոշող խոսքերով. «Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այդ ժամանակ ավելի վտանգավոր կդառնա»: Վիպասանի այս խոսքերը, ցավոք, վաղուց արդեն իրականություն են, և մեզնից գրեթե գերբնական ու տքնաջան, աչալուրջ ջանքեր են պահանջվում և պահանջվելու մեր պատմությունն ու մշակույթը ադրբեջանական, ինչպես և թուրքական աղավաղումներից (որով նրանք ծրագրված ու պետականորեն և ընդմիշտ զբաղվելու են) զերծ պահելու գործում:
Կհաջողվի՞ արդյոք մեզ գաղափարական ու մշակութային, քարոզչական այս պատերազմում հաղթանակ արձանագրել։ Սա արդեն մեր պետական-ազգային քաղաքականության ու ծրագրային խնդիրներից պետք է լինի, և ապավինենք ապագային, մեր ուժերին ու խելամտությանը։
Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ-
նախիջևանագետ